Հոկտեմբերի 1-ին Երեւանի Հաղթանակ զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի եւ «Մայր Հայաստան» հուշարձան-թանգարանի մոտ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ՝ նվիրված մարդության պատմության խոշորագույն մարտերից Ստալինգրադի եւ Կուրսկի ճակատամարտերի 75-ամյակին:

Հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի  արտակարգ եւ լիազոր դեսպանները, ինչպես նաեւ ռուսական բանակի երկու կարգի զորքերի՝ ՌԾՆ եւ Ցամաքային զորքերի սպաներ: Մասնակցում էին նաեւ վետերաններ, Հայաստանի պաշտպանության նախարարության, խորհրդարանի ներկայացուցիչներ՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ:

Նշենք, որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ այնտեղ մարտնչած 30 հազար հայերից ոչ մեկը թշնամուն գերի չի ընկել, իսկ պատերազմից հետո Ստալինգրադի վերականգնման գլխավոր պլանը կազմել է խորհրդային հայ ճարտարապետ Կարո Հալաբյանը:

Ստալինգրադի ճակատամարտը սկսվել է 1942 թվականի հունիսի 17-ին եւ տեւել մինչեւ 1943 թվականի փետրվարի 2-ը: Կուրսկի ճակատամարտը սկսվել է հուլիսի 5-ին եւ տեւել մինչեւ 1943 թվականի օգոստոսի 23-ը, այն հայտնի է նաեւ Կուրսկի աղեղի ճակատամարտ անունով: Ստալինգրադի տակ եւ Կուրսկում Կարմիր բանակի հաղթանակները կանխորոշեցին Մեծ հայրենականի եւ Երկրորդ աշխարհամարտի ելքը: