ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել որդուն՝ 61-ամյա հոր սպանության համար։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է տղամարդու դի՝ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով։

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀԿԳ քննիչ:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են որդու կողմից։

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, եւ միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։