ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը թողնում է պաշտոնը:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի′ եւ արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ

Պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով եւ հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը:

Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ ամենօրյա եւ հետեւողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաեւ Երկրիս զարգացման համար:

Որպես մարզի հոգսերին քաջատեղյակ մարդ՝ արել եմ ամեն ինչ, որ մարզի բնակիչը ի դեմս մարզպետի տեսնի ոչ թե պաշտոնյայի, այլ իր հոգսը կիսող սրտացավ մարդու:

Կարծում եմ, որ հաջողել եմ, եւ դրա վկայությունը նաեւ այն արձագանքն է, որ ստացել եմ ձեզանից, իմ սիրելի′ արագածոտնեցիներ:

Ուրախ եմ, որ դեռեւս 2017թ. հուլիսից ինձ համար առանցքային սկզբունք դարձրած ազնիվ աշխատանքն ու արդարության պահանջը այսօր դարձել է նաեւ հասարակության կամքը:

Սիրելի′ գործընկերներ, շնորհակալ եմ համատեղ աշխատած այս ժամանակահատվածի համար: Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ եւ աշխատանքով օգնեցիք կյանքի կոչելու մի շարք ծրագրեր, հասնելու շոշափելի արդյունքների եւ գրանցելու ձեռքբերումներ տարբեր ոլորտներում:

Չորս ամիս առաջ, երբ վերանշանակվեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում, լի էի հավատով, կիսատ թողածս շարունակելու անկոտրում կամքով՝ նոր իրականությունը դիտելով որպես ծրագրերիս իրականացման պարարտ հող, այսօր, սակայն, հեռանում եմ մտահոգությամբ եւ տագնապով:

Հարգելի′ գործընկերներ, պարզապես յուրաքնաչյուրս պետք է գիտակցի, որ հենց իրենից է սկսվելու այն փոփոխությունը, որն ինքն ակնկալում է:

Խաղաղություն Երկրիս, եւ Աստված պահապան մեզ բոլորիս»: