Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը հարցվածների 89 տոկոսը դրական է գնահատել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով իրենց անցկացրած հարցման արդյունքները:

Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա վերաբերյալ հանրության կարծիքը ճշտելու համար իրենք Հայաստանի ամբողջ տարածքում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում սեպտեմբերի 3-11-ն իրականացրել է սոցհարցում։

Ըստ այդմ, կառավարության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 62, 4 տոկոսը: ՀՀ նախագահի աշխատանքը՝ 76 տոկոսը: իսկ ահա խորհրդարանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 24, 4 տոկոսը։

Արման Նավասարդյանը նկատել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ՀՀ կառավարության աշխատանքը նման բարձր գնահատականի չի արժանացել: Ըստ ընդհանուր տվյալների, հարցման մասնակիցների 1,7 տոկոսը նշել է, որ շատ լավ է գնահատում ՀՀ տնտեսության ներկայիս վիճակը, 9,5 տոկոսի կարծիքով՝ լավ է, 46,7 տոկոսի համար էլ տնտեսությունը գտնվում է միջին վիճակում, միայն  28 տոկոսի համար է վատ։

«Եթե նայենք միջին ցուցանիշին, ապա այս տարի գրանցվել է 46,7 տոկոս, իսկ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին այդ տվյալները 26, 3 տոկոս էր։ Այս ցուցանիշում մենք ունենք գրեթե 20 տոկոսի չափով աճ»,- ընդգծել է Արամ Նավասարդյանը։

Մարդկանց նաեւ հարց է ուղղվել, թե հեղափոխությունից հետո որքանով են արդարացել իրենց սպասելիքները նոր կառավարությունից. «Մարդկանց 14, 4 տոկոսը նշել է, որ ամբողջությամբ արդարացել է իրենց սպասելիքները, 64,2 տոկոսի խոսքով՝ որոշ չափով է արդարացել, 7, 6 տոկոսի համար՝ որոշ չափով չի արդարացել, իսկ 19 տոկոսի համար էլ ընդանրապես չի արդարացել։ Դրական տրույթում ունենք 78, 6 տոկոս, որոնց սպասումներն արդարացել են»:

Հարցումների արդյունքում նաև պարզվել է, որ  հարցվածների 91,6 տոկոսը դրական է գնահատում  ՀՀ վարչապետի 100-օրյա գործելաոճը։