Շոտլանդիայում Էդինբուրգի աճուրդում վիսկիի շիշը վաճառվել է ռեկորդային՝ 1,1 մլն դոլարով, հայտնում է «Վեդոմոստին»:
Macallan Valerio Adami վիսկին շշալցվել է 1986 թվականին, նշված է Bonhams աճուրդի տան հաղորդագրության մեջ: Շարքում եղել է ընդամենը 12 շիշ: Հայտնի չէ, թե դրանցից քանիսն է պահպանվել: Շշերից մեկը կարող էր կոտրված լինել 2011 թվականին Ճապոնիայում երկրաշարժի ժամանակ, իսկ եւս մեկը, հավանաբար, բացվել է, ու վիսկին խմվել, հստակեցնում է Bonhams-ը:
Reuters-ի տեղեկություններով՝ գնորդն Ասիայից մասնավոր հավաքորդ է: Նրա անունը չի հրապարակվում: Նա աճուրդին մասնակցել է հեռախոսով:
Նախորդ տերը շիշը ձեռք էր բերել 1994 թվականին Macallan գործարանից՝ անհայտ գումարով: Մինչ այս վիսկիի ամենաթանկ շիշը, որ երբեւէ վաճառվել է աճուրդում, նույնպես Macallan Valerio Adami էր: Այն աճուրդում վաճառվել էր 2018-ի մայիսին՝ 814 081 ֆունտ սթերլինգ գումարով:




























