Կառավարության այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում հաստատվել է «Գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման» կարգը, ըստ որի յուրաքանչյուր սպանված գայլի համար որսորդներին կտրամադրվի 100 հազար դրամ պարգեւավճար:

Բացառիկ դեպքերում, երբ գայլերը լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց եւ ընտանի կենդանիների համար, այս պարգեւավճարին կարող են հավակնել նաեւ որսորդական վկայական չունեցող անձինք:

Պարգեւավճարը ստանալու համար անհրաժեշտ է գայլի մորթին անձամբ ներկայացնել հատուկ այդ նպատակով բնապահպանության նախարարությունում ստեղծված հանձնաժողովին՝ որսը կատարելուց ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում։

Բնապահպանության նախարարության ներկայացրած բացատրագրում նշված է, որ Հայաստանի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի կտրուկ աճ: Այն արտահայտվում է տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա: Գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից կարելի է առանձնացնել որսորդական զենք-զինամթերքի, դաշտային հանդերձանքի եւ տրանսպորտային միջոցների շահագործման գների աճը:

Վերջին երեսուն տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգեւատրման մեխանիզմներ չեն կիրառվել, ինչը հանգեցրել է գայլերի թվաքանակի աճին: Այս հանգամանքը առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ։ Օրինակ,  վերջին տարիներին «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» պետական արգելոցներում գայլերը լուրջ վնաս են հասցրել մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին:

Կառավարության որոշմամբ՝ գայլերի ոչնչացման նպատակով կհատկացվի 10 մլն դրամ։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ համանման միջոցառում իրականցվել է նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ դրական արդյունքներ տվել։