Անցումային արդարադատությունը չի փոխարինում, այլ լրացնում է դասական արդարադատությունը: Այս մասին անցումային արդարադատությանը նվիրված համաժողովում հայտարարեց պրոֆեսոր Ուիլյամ Շաբանսը: Համաժողովը կազմակերպվել էր Կանադայի Զորյանի ինստիտուտի կողմից Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Պրոֆեսորը ներկայացրեց այլ երկրների փորձը: «2002-ից մինչեւ 2004-ը ես աշխատել եմ Սիերա Լեոնում, զեկույց էի պատրաստում: Ինձ երբեմն հարցնում են՝ հաջող են թե ոչ նման կառույցները: Ձեռքիս բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ»,-փիլիսոփայորեն նկատեց Շաբասը:
Պրոֆեսորի խոսքով, անցումային արդարադատության մարմինների հիմնական խնդիրը վնաս չպատճառելն է, եւ դա շատ կարեւոր է: «Կարծում եմ, հասարակությունները որոշ չափով դա արել են (վերականգնել են արդարությունը): Այդպես էր երկու համաշխարհային պատերազմների միջեւ», - նշեց Շաբասը:
Նրա խոսքով, հաճախ շատ դժվար է վերականգնել արդարութունը հասկանալի պատճառներով:
«Օրինակ, Հիտլերին չկարողացան բռնել: Բայց հարկավոր էր վերականգնել արդարությունը: Երբեմն քաղաքական խնդիրներ են լինում: Երբեմն իշխանությունը ձեռքից ձեռք է փոխանցվում որոշակի խոստումների դիմաց»:
Պրոֆեսորը նշեց, որ նա շատ բան գիտի Հայաստանի մասին, բայց մտադիր չէ դատել այն մարդկանց ներկայությամբ, ովքեր ներսից են տիրապետում իրավիճակին: «Պարզապես ցանկանում եմ ներկայացնել միջազգային փորձը: Եվ միեւնույն է Հայաստանը լավագույն վիճակում է, դուք չեք տեսել Սիերա Լեոնեում խեղանդամ մարդկանց:
Հաշտեցման հանձնաժողովի առջեւ հայտնվում էին կտրված ոտքերով եւ ձեռքերով մարդիկ, եւ հարցնում՝ ինչու՞ են մեզ խեղած մարդիկ փոխզիջման արդյունքում ազատ արձակվել: Ձեր բախտը բերել է, ձեզ մոտ նման կոնֆլիկտ չկա: Ճիշտ է նման մի բան կա՝ մարտի 1-ի իրադարձությունները», - նշեց Շաբասը:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ, հնարավոր է, արդարադատությունը պատասխաններ չտվեց եւ գուցե այն հիմա էլ դեռ պատրաստ չէ, եւ ժամանակ է պետք:
Պրոֆեսորը նաեւ նշեց դատավորների նուրբ առաքելությունը: «Նորեկների համար ուղերձները պետք է նուրբ լինեն` նրանք անձեռնմխելի են, եթե ազնիվ եւ ոչ կոռումպացված են», - կարծում է պրոֆեսորը:




























