Հոկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը Բրյուսելում պահանջել է, որ Ռուսաստանը պահպանի Միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրի (INF) պայմանները` հակառակ դեպքում սպառնալով, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի իր սեփական, համաձայնագրին չհամապատասխաող հրթիռներն արտադրել` Ռուսաստանին հակակշռելու նպատակով: Սրան ի պատասխան` Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ նման հայտարարություններ անող անձինք չեն գիտակցում իրենց պատասխանատվության աստիճանը եւ նման ագրեսիվ հռետորաբանության վտանգները:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարամյա ռազմավարական հակասությունները անընդհատ սպառնում են վերջ դնել էական նշանակության զենքի վերահսկման համաձայնությունը, որի խախտումը կարող է չափազանց մեծ անցանկալի հետեւանքներ ունենալ զենքի կուտակման եւ համաշխարհային կայունության տեսանկյունից: Այս մասին գրում է ամերիկյան հետախուզական լրատվամիջոց STRATFOR.com-ը:

Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը բազմիցս Ռուսաստանին հորդորել է ենթարկվել համաձայնագրի պայմաններին: Վաշինգթոնը ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ է սահմանել եւ փորձել է Մոսկվային ճնշել` մարտավարական նշանակության միջուկային զենք է տեղադրել վերջինի ծովային բալիստիկ հրթիռների շրջանում: Կոնգրեսը նաեւ օրենսդրություն է ընդունել, որով ճանապարհ է հարթվում այնպիսի հրթիռի արտադրության համար, որը կխախտեր պայմանագիրը: Առայժմ այս քայլերը զգալի արդյունքի չեն հանգեցրել.ԱՄՆ-ն եւ իր ՆԱՏՕ-ի դաշնակիցները պնդում են, որ ռուսները շարունակում են խախտել պայմանագիրը:

Հատչիսոնի հայտարարությունը, ըստ լրատվամիջոցի, վկայում է, որ Սպիտակ տունն ակնհայտորեն պատրաստ է հետեւելու Կոնգրեսի առաջարկին եւ ԱՄՆ հրթիռներ տեղակայելու` հակառակ համաձայնագրի պայմաններին: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից առաջին խախտումները կարող են հանգեցնել մի շարք այլ խախտումների, որոնք վերջնականապես կարող են վերացնել համաձայնագիրը: Արդյունքում սպառազինության մրցավազք կարող է սկսվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ, իսկ Եվրոպան եւս խիստ կանհանգստանա, քանի որ կրկին կհայտնվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջին հեռահարության հրթիռների միջեւ: Նշվում է, որ INF-ի վերացման դեպքում կարող է շատ ավելի լուրջ խնդիր ծագել. Նոր START համաձայնագիրը, որը սահմանափակում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից տեղակայվող միջուկային ռազմավարական զենքի քանակը, կարող է եւս խախտվել, ինչից հետո սպառազինության անհամեմատ ավելի սաստիկ մրցավազք կսկսվի, քան հիմա է:

Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջիմ Մաթիսը հոկտեմբերի 4-ին ասել է, որ Ռուսաստանի կողմից սպառազինության վերահսկման համաձայնագիրը խախտելն անընդունելի է, եւ որ ԱՄՆ-ն ստիպված կլինի նույն կերպ վարվել, եթե Ռուսաստանը նույն կերպ շարունակի: Մինչդեռ Ռուսաստանը անընդմեջ հերքել է նման լուրերը: Նշվում է, որ Մաթիսի հայտարարությունը կարող է վատթարացնել Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները, որոնք Սառը պատերազմից հետո 2014 թվականից սկսած ամենալարված վիճակում են Ղրիմի բռնակցման, Սիրիայի ռմբակոծման եւ Արեւմուտքի ընտրություններին միջամտելու հետեւանքով: Ավելի վաղ այս տարի ԱՄՆ զինուժը ազգային պաշտպանության նոր ռազմվարության մեջ հայտնել է, որ Ռուսաստանին եւ Չինաստանին դիմագրավելը առաջնահերթություն կլինի: Այս քայլը արտացոլում է ԱՄՆ-ի փոփոխվող առաջնահերթությունները, որոնք գրեթե 15 տարի կենտրոնացած էին իսլամական զինյալների դեմ պայքարի վրա:

AFP-ն այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ն ակնարկել է INF-ից հրաժարվելու մասին, եթե Ռուսաստանը չդադարի համաձայնագիրը խախտել: Ապառազմականացման ԱՄՆ դեսպան Րոբերտ Վուդը Ժնեւում լրագրողներին ասել է, որ իրավիճակը անթույլատրելի է, եւ իրենք պետք է քայլեր ձեռնարկեն. ՄԱԿ-ի առաջիկա ապառազմականացման հանդիպումների ընթացքում ԱՄՆ առաջնահերթությունը կլինի Ռուսաստանին ստիպել կրկին ենթարկվել համաձայնագրի պայմաններին: Սակայն նաեւ հավելել է, որ չգիտի, թե որքան դեռ կկարողանա ԱՄՆ-ն կատարել իր պարտականությունները, երբ Ռուսաստանն այդքան բացահայտ կերպով խախտում է պայմանագիրը: Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը պահանջել է, որպեսզի Ռուսաստանը ապացուցի INF համաձայնագրին իր հավատարիմ լինելը:

Associated Press-ն էլ գրում է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական 9M729 համակարգը խախտում է Սառը պատերազմի ժամանակաշրջանի դաշինքը, որը սպառազինության մի ամբողջ տեսակի` բոլոր միջին հեռահարության միջուկային եւ ավանդական, գետնից բաց թողնվող բալիստիկ եւ կռուիզ հրթիռներըի վրա արգելք է սահմանում: ԱՄՆ-ն այս արվա սկզբում նախ մեղադրել էր Ռուսաստանին միտումնավոր ցամաքային կռուիզ հրթիռներ տեղադրելու մեջ, որպեսզի սպառնալիք ներկայացնի ՆԱՏՕ-ին: Ռուսաստանն էլ պնդում է, որ ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանությունն է պայմանագիրը խախտում: Անցյալում Օբամայի վարչակազմը փորձել է համոզել Մոսկվային, որպեսզի ենթարկվի համաձայնագրին, սակայն` գրեթե անօգուտ: