Հայաստանի տարածքում գոյություն ունեցող երեք՝ Խոսրովի, Շիկահողի եւ Էրեբունու արգելոցներից ամենարժեքավորն, իհարկե, Խոսրովինն է, քանի որ այնտեղ ավելի շատ կենսաբազմազանություն է ներկայացված։ Փետրվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Մարինա Օգանեզովան:

«Այդ արգելոցներում էկոտուրիզմի հիմնադրմանը ես միշտ էլ դեմ եմ եղել։ Դա կբերի նրան, որ կենսաբազմազանությունն այդ տարածքից, բնականաբար, կվերանա այդ տարածքից»,- նկատեց նա:

Ասուլիսին ներկա բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն իր հերթի նկատեց, որ Խոսրովի արգելոցում եւ մանավանդ դրա տարածքում գտնվող Գիլանի արգելավայրում, որքան էլ ասեն, որ կենդանիներ եւ բուսատեսակներ չկան, լուրն իրականությանը չի համապատասխանում։ «Գիլանի արգելավայրը մոտ 200 հա տարածք ունի։ Մենք ՝ կամավորներս պատրաստակամ ենք առանց ֆինանսավորման, առանց աջակցության գնալ, հսկել տարածքը եւ հայտնել այնտեղ կատարված որսագողության եւ այլ ապօրինությունների մասին»,- ասաց Սուխուդյանը։
Վերջում նա տեղեկացրեց, որ բնապահպանները Խոսրովի արգելոցի ամբողջականության պահպանությանն ուղղված ստորագրահավաք են սկսելու  եւ խնդրի մասին շարունակելու են  իրազեկել երկրի նախագահին ու վարչապետին։