18-ամյա զինծառայող Մայիս Աղաբաբյանի կուրանալու հետ կապված տեղեկությունները չափազանցված են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Նրա խոսքով, Աղաբաբյանն արդեն մեկ անգամ բժշկական հետազոտության ենթարկվել է եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ առաջիկայում երկրորդ անգամ հետազոտություն կանցնի։ «Այդ հետազոտության արդյունքում էլ ի հայտ կգա նրա իրական առողջական խնդիրը»,- նշեց Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ վիրահատության անհրաժեշտության դեպքում ՊՆ-ն վստահաբար կհոգա այդ հարցը։
Նշենք, որ Մայիս Աղաբաբյանի մայրը՝ Ռոզա Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ թեեւ իր ծառայակից Շահեն Աղասյանի կողմից գոտու մետաղաման մասով աչքին ստացած հարվածի հետեւանքով իր տղայի տեսողությունն օրեցօր վատանում է, սակայն նա շարունակում է գտնվել զինվորական ծառայության մեջ եւ անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում։
«Միջադեպից մեկ օր հետո Մայիսին տեղափոխել են Մարտունու, հետո Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ այնտեղից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ պարզվել է, որ տղայիս աչքը 7 մմ չափով ճեղքվել է: Ինձ ասացին, որ երեխան պետք շտապ վիրահատության ենթարկվի, բայց վիրահատություն այդպես էլ չարվեց։ Մայիսին 40 օր հոսպիտալում պահելուց հետո հայտարարեցին, որ աչքի 7 մմ-անոց ճեղքը աստիճանաբար փակվում է»,- պատմել է Ռոզա Կարապետյանը: Նա տեղեկացրել է նաեւ, որ այս միջադեպը տեղի է ունեցել որդու՝ բանակ զորակոչվելուց 1,5 ամիս հետո. «Հիմա նրան հարվածողը տեղափոխվել է մեկ այլ զորամաս եւ ծառայությունը շարունակում է կարծեմ Գորիսում։ «Տղայիս վիճակն այնքան վատ է, որ երեկ չի կարողացել մասնակցել անգամ հերթական դատական նիստին»,- ավելացրել է նա:
Ի դեպ, զինվորի մայրը հանդիպել է նաեւ Պնախարար Սեյրան Օհանյանի հետ, ով խոստացել է «զբաղվել գործով» եւ հավելյալ նորությունների դեպքում տեղեկացնել իրեն: Գործին տեղյակ է նաեւ Հայաստանի զինվորական դատախազությունը, որտեղ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռեւս 2010 թվականի սեպտեմբերի 4-ին:




























