Երեւանի տնամերձներում աճեցված միրգը էկոլոգիապես մաքուր չէ։ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ Երեւանի օդը եւ ջուրը բավականաչափ աղտոտված են ու ազդում են գյուղմթերքների որակի վրա։ Երեւանի էկոհամակարգի վրա հատկապես բացասաբար է անդրադարձել այսպես կոչված, կանաչ գոտու վերացումը, որը Ալ. Թամանյանի նախագծով օղակում էր Երեւանը։

Կենտրոնի հետազոտությունները աղտոտվածության բարձր մակարդակ են հայտնաբերել նաեւ հանքարդյունաբերական գոտիներում: Ախթալայում, Ղափանում, Քաջարանում, Ալավերդիում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աճեցվող մթերքներում մեծ է սնդիկի եւ կադմիումի պարունակությունը։ Կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի խոսքով՝ տարբեր գյուղմթերքներ տարբեր կերպ են ընկալում շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Օրինակ՝ Ալավերդիում եւ Ախթալայում կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին եւ սեւ թուզը համեմատաբար ավելի շատ են կլանում աղտոտվածությունը, հետեւաբար՝ դրանք լիովին պետք է բացառել կերակրացանկից;