Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ հակամարտությունը տեղավորվում է բացառապես տնտեսական ոլորտում։ Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
«Գաղափարական, քաղաքական պայքար այդ երկու ուժերի միջեւ չկա։ Միակ պայքարը խորհրդարանում հնարավորինս շատ տեղեր ունենալն է, ավելի մեծ տնտեսական իրավունքներ ձեռք բերելը»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին՝ Կարապետյանը նշեց, որ քանի դեռ չկա ղարաբաղյան հարցի լուծումը, ավելի իրական է պատերազմի վերսկսման հավանականությունը։ «Խնդիրը լուծում է պահանջում։ Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի խուսափենք մեծ պատերազմից, քանի որ հայերի համար այն կդառնա իսկական աղետ։ Բայց նաեւ պետք է գիտակցել, որ քանի դեռ գնում ենք հետընթացի ճանապարհով, միջազգային հանրությունը կարող է մտածել, որ լուծում կորզելու համար պետք է ծնկի բերի Հայաստանին»,- նկատեց նա։





























