Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը` Լեռնային Ղարաբաղի մասին, մեղմ ասած, տարօրինակ է: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, այդ զեկույցը վկայում է պասիվ եւ հակաժողովրդական հայկական դիվանագիտության ձաողման մասին: «Երեւանը պետք է ի վերջո հասկանա, որ աշխարհը լռությունն ընկալում է որպես համաձայնության նշան: Ժամանակն է վերջ դնել նման տակտիկային»,- ասել է նա:
Նշենք, որ ՄՃԽ զեկույցում ասված է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ ավելացել է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Զեկույցը նաեւ քննադատություն է պարունակում հայկական կողմի հասցեին, որն իբր «օկուպացրել է» ադրբեջանական տարածքների 16 տոկոսը: Զեկույցի հեղինակները նշել են, որ այդ համատեքստում ստատուս-քվոն պարզապես հակասում է ադրբեջանական կողմի շահերին:





























