Կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որտեղ ներկայացվել է Ծրագրի շրջանակում 2010-ին իրենց գերատեսչության կատարած աշխատանքները: Նիստը նախագահել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագիրն ընդգրկում է քաղաքականության եւ անվտանգության, պաշտպանական անվտանգության եւ ռազմական խնդիրների, հասարակության իրազեկման, գիտության, բնապահպանության եւ քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման, տեղեկատվության անվտանգության ոլորտները:
Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ 2010 թվականին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված 122 գործողությունների գերակշիռ մասը կատարված է. «Պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակությունը շոշափելի արդյունքներ է տվել, կարեւոր էր Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը, «Սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգի», «Կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի» ընդունումը:
Անհրաժեշտ է արագացնել «Փրկարարական համակարգի բարեփոխումների հայեցակարգի», «Ուսումնական ռազմական դոկտրինի», «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կատարելագործման» ազգային ծրագրի մշակման աշխատանքները» :
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ-ՆԱՏՕ 2011-2012 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ: Նիստում որոշվել է մինչեւ փետրվարի վերջ ավարտել փաստաթղթի մշակման աշխատանքը:





























