Աշխարհում տնտեսության վերաբերյալ ամենից վստահ ակնկալիքներն ունեն Լատինական Ամերիկայի գործարարները։ Այդ մասին նշված է «Գրանթ Թորնթոնի» Միջազգային գործարար զեկույցում (ՄԳԶ): Լատինական Ամերիկայի մասնավոր հատվածի գործարարների լավատեսության սանդղակը գնահատվել է +75 տոկոս ցուցանիշով:

Այլ տարածաշրջաններում գրանցվել են հետեւյալ ցուցանիշները՝ +50 տոկոս Ասիայում (բացառությամբ Ճապոնիայի) եւ խաղաղօվկիանոսյան ծոցում, ընդամենը +26 տոկոս Հյուսիսային Ամերիկայում եւ +22 տոկոս Եվրոպայում:

Լատինական Ամերիկայում, ինչպես նաեւ հարցմանը մասնակից բոլոր երկրներից ամենալավատեսն են Չիլիի գործարարները՝ +95 տոկոս, այնուհետեւ Բրազիլիան՝ +79 տոկոս, Արգենտինան՝ +70 տոկոս եւ Մեքսիկան՝ +64 տոկոս:

Հայ գործարարները նույնպես 2011 թվականի նկատմամբ առավել լավատեսությամբ են տրամադրված, անցյալ տարվա +32 տոկոս միջին ցուցանիշի նկատմամբ գրանցելով էական դրական աճ՝ մինչեւ +48 տոկոս:

Սակայն հայ գործարարների լավատեսությունը զիջում է վրացիներին, որտեղ +72 տոկոս արդյունք է գրանցված։ Ադրբեջանի վերաբերյալ տվյալներ չկան, իսկ Թուրքիայում լավատեսությունը +47 տոկոս է:

2011 թվականի զեկույցը որոշ նշանակալի փոփոխություններ է գրանցել զարգացած տնտեսությունների լավատեսության մակարդակներում:

Եվրոյի գոտում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Գերմանիայում՝ +75 տոկոս՝ մեծ ցատկ համեմատած 2010-ի +38 տոկոսի:

Մասնավոր հատվածի ակնկալիքները ցածր են պետական պարտքերի հետ կապված խնդիրներ ունեցող երկրներում՝ Իռլանդիա (-45 տոկոս), Իսպանիա (-50 տոկոս) եւ Հունաստան (-44 տոկոս):

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» գլխավոր տնօրեն Էդ Նյուսբոմի մեկնաբանությամբ՝ «այս տարվա զեկույցում երկու Եվրոպաների մասին մտահոգիչ մի պատմություն կա: Տարածաշրջանում գործարար սպասումների նման տարբերությունն ավելի մեծ ճնշում կառաջացնի առանց այն էլ տատանումներով լի 2010 թվական ապրած եվրոգոտում: Միացյալ արժույթի պահպանման խնդիրն ավելի է բարդանալու այն պարագայում, երբ գոտու երկրները հակառակ ուղղություններով են շարժվում: Հավանական է, որ առաջիկա մի քանի տարիներին եվրոգոտում լարվածություն, իսկ ֆինանսական շուկաներում անկայունության շրջան տիրի: Միգուցե 2011 թվականին անհրաժեշտ լինի շրջադարձային որոշումներ կայացնել եվրոյի վերաբերյալ»:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ընկերությունների սեփականատերերը 2011 թվականին ներդրումների վերաբերյալ շատ համեստ սպասումներ ունեն: Գործարարների 35 տոկոսը կարծում է, որ ներդրումներ կարվեն արտադրության եւ սարքավորումների մեջ եւ միայն 24 տոկոսը աճ է ակնկալում հետազոտությունների բնագավառում: Այս առումով նկատելի բացառություն է ներկայացնում Չինաստանը, որտեղ գործարարների +47 տոկոս ներդրումների աճ են ակնկալում արտադրության եւ սարքավորումների, իսկ +61 տոկոսը՝ իրենց հետազոտությունների մեջ: