Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան այսօր՝ փետրվարի 11-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Երեւանում Հնդկաստանի անունով փողոց անվանակոչել, հաշվի առնելով, որ Հնդկաստանում բազմաթիվ հայկական փողոցներ կան:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը կարձագանքի այս առաջարկին:

Նրանք քննարկել են Երեւանի եւ Հնդկաստանի քաղաքների միջեւ համագործակցության ընդլայման հարցեր: Երկուստեք կարեւորվել են զբոսաշրջության զարգացման, ներդրումային եւ առողջապահության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Աչալ Կումար Մալհոտրան պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնել:

Կարեւորելով միջազգային փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը  պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին եւ նախաձեռնություններին:

Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել: