«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում դպրոցների տնօրենների ընտրության կարգը փոփոխության է ենթարկվել, ըստ որի բարձրագույն կրթությունը, համապատասխան որակավորումը, վերջին 10 տարվա ընթացքում ունեցած առնվազն 7 տարվա մանկավարժական աշխատանքային փորձը այլեւս բավարար չեն լինի դպրոցի տնօրեն դառնալու համար:
Նրանք, ովքեր կցանկան նման պաշտոն ստանձնել, նախ պետք է մասնակցեն համապատասխան կազմակերպությունների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացներին եւ վկայականներ ստանան։
Համապատասխան վկայական ունեցող քաղաքացիներն այնուհետ պետք է մասնակցեն հավաստագրման երկու փուլով, այն է, թեստավորման եւ հարցազրույցի ձեւով անցկացվող քննություններին, լրացնեն կրթության ոլորտին եւ հարակից օրենսդրությանը, կառավարչական հմտություններին, մանկավարժական, հոգեբանական եւ ուսումնական գիտելիքներին վերաբերող 800 հարց պարունակող թեստը։ Բանավոր փուլի ժամանակ դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողները պետք է պատասխանեն հանձնաժողովի հարցերին:
Հավաստագրված մասնագետը տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներին կարող է մասնակցել որակավորում ստանալուց հետո հինգ տարվա ընթացքում։



























