Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարեւոր են համարում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կապակցությամբ եվրոպական երկրների համակարգված դիրքորոշում մշակելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին (AFP):

Գործակալությունը, Ելիսեյան պալատին վկայակոչելով, հաղորդում է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են ապագայում «եվրոպական մակարդակով համաձայնեցված դիրքորոշում ունենալ (Խաշոգջիի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ):

Մակրոնն ու Մերկելը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հետ միասին շաբաթ մասնակցում են Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթաժողովին:

Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին, որը հայտնի էր Էր Ռիադի մասին քննադական հոդվածներով,  հոկտեմբերի 2-ին Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն այցելելուց հետո անհետացել էր։ Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել էին, որ լրագրողը վիճաբանութկան հետեւանքով սպանվել էր հյուպատոսության շենքում: Սաուդյան Արաբիայում սպանության գործով ձերբակալվել է թագավորության 18 քաղաքացի, սաուդցի միապետը հրամանագիր է ստորագրել հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների ազատման մասին: