Հայաստանի նախկին ղեկավարությունը Սահմանադրությունը դիտարկել էր որպես իշխանությունը պահպանելու մարտավարական գործիք: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն՝ ելույթ ունենալով «Սահմանադրականությունը նոր հազարամյակում» միջազգային համաժողովի շրջանակում:

Բուքիքիոն նշել է, որ Սահմանադրության մեջ ամրագրված արժեքները պետք է թափանցեն քաղաքական վերնախավերի գիտակցության մեջ եւ նշանակություն ունենան հասարակության համար: «Սահմանադրականության դեպքում չի կարող լինել առանց սահմանափակումների իշխանություն: Բացարձակապես անբավարար է Սահմանդրության որակյալ տեքստ ունենալը: Անհնրաժեշտ է կատարել հիմնական օրենքի ոչ միայն տառը, այլեւ ոգին»,- շեշտել է նա:

Բուքիքիոն հիշեցրել է, որ Հայաստանում 2005 եւ 2015 թվականներին Վենետիկի հանձնաժողովի աջակցությամբ սահմանադրական բարեփոխումներ են անցկացվել: «Վենետիկի հանձնաժողովը բարձր է գնահատել 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները: Հայաստանն ուներ Եվրոպայում լավագույն սահմանդրություններից մեկը: Սակայն Հայաստանի քաղաքացիներն այս Սահմանադրությունից դժգոհ էին, եւ թավշյա հեղափոխություն իրականացրին: Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը սխալ էր:

Բանն այն է, որ երկրի ղեկավարությունը Սահմանդրությունը դիտարկել էր որպես իշխանությունը պահպանելու մարտավարական գործիք: Բայց ժողովուրդը իմաստություն դրսեւորեց եւ ցույց տվեց, որ կարելի է փոփոխություններ իրականացնել ժողովրդավարության ճանապարհով եւ ոչ բռնի միջոցներով: Արդյյունքում ձեռք բերված կոնսենսուսը Հայաստանի ապագայի համար լավ նշան է»,- շեշտել է նա:

«Ես վստահ եմ, որ նոր իշխանությունները, որ կընտրվեն դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններով, կկառավարեն ոչ միայն ըստ Սահմանադրության տեքստի, այլ նաեւ ըստ ոգու, ինչը քաղաքական կայունություն կապահովի: Սահմանադրականության հիմնական գաղափարն այն է, որ իշխանությունն անսահման չէ եւ պետք է զսպվող լինի»,- ամփոփել է Բուքիքիոն: