Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աշխատակիցները համաձայն չեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշման հետ, թե գործարանի աշխատելը մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց համար։

NEWS.am–ի հետ զրույցում աշխատողներից Արմենը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, սակայն, որեւէ հստակ վիճակագրություն չկա, որ գործարանի աշխատելը վտանգավոր է մարդկանց առողջության համար։

«Ոչ ոք չունի նման տվյալ, որ հիվանդության սրացում կա, կամ դեպքերի ավելացում։ Իհարկե, մենք էլ ենք հասկանում, որ չի կարելի օդն աղտոտել, բայց Ալավերդիում սոցիալական վիճակը շատ ծանր է, թող այլ տարբերակ առաջարկեն, այլընտրանք պետք է լինի՞, թե՞ չէ։ Ալավերդիում այս պահին ոչ մի աշխատատեղ չկա, քաղաքացին այլընտրանք չունի, կյանքը քաղաքում կանգնած է»,– ասաց նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մասնավորապես ասել է. «Եղբայր, այո, արտադրությունը մեզ համար կարեւոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ–որ խնդիր լուծել, տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 հոգու աշխատատեղի հարց լուծել»։

Արմենը նշեց, որ իրենք գործարանի փակելու որոշման հետ չեն համակերպվելու. «Կառավարությունից մեզ խոստացել են, որ հարցը լուծվելու է, լուծվելու փուլում է։ Դիմացն արդեն ձմեռ է, մի քանի ամիս չենք կարող սպասել, ժողովուրդը շատ ծանր սոցիալական խնդրի առաջ է կանգնելու, աշխատողների 99 տոկոսը բանկերում վարկեր ունեն, ձմռան ամիսներին նաեւ կոմունալ վճարումներն են ավելանում։ Չենք կարող նույնիսկ 2-3 ամիս սպասել։ Հնարավոր չի սպասել, երկու–երեք ամիս չի կարող մարդը գոյատեւել՝ առանց ինչ–որ եկամուտի։ Ամբողջ քաղաքն ապրում է էդ գործարանով»։

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով: