Լոնդոնի ոստիկանությունը որոշել է «Սքոթլանդ Յարդ» բրենդով ապրանքների վաճառք սկսել, որպեսզի բարելավի իր ֆինանսական վիճակը եւ լրացուցիչ եկամուտներ ունենա՝ տեղեկացնում է BBC-ն։

Լոնդոնի ոստիկանությունն այս քայլով հետեւում է Նյու Յորքի արդեն 15 տարի հուշանվերներ վաճառող ոստիկանության հաջողված օրինակին։

Միջոցները պետք է օգնեն փակել Սքոթլանդ Յարդի բյուջեի ճեղքվածքները։ Լոնդոնի քաղաքապետարանի հաշվարկներով քաղաքի ոստիկանությանը մինչեւ 2021թ․ 418 մլն դոլար է անհրաժեշտ։

Խոսքը բրենդային հագուստի, խաղալիքների, գրենական պիտույքների եւ զբոսաշրջիկների համար հուշանվերների մասին է։ Ծրագիրը նախաձեռնողներն ընդգծել են, որ լոնդոնյան ոստիկանության համզգեստի նման հագուստ չի վաճառվի։ Նաեւ նշվել է, որ թեեւ ապրանքները արտադրվելու են տարբեր ընկերությունների կողմից, դրանց դիզայնի վերաբերյալ վերջին խոսքը Սքոթլանդ Յարդինը կլինի։