Վաշինգթոնի և Էր-Ռիադի միջև ռազմավարական դաշինքը վերականգնվում է, իսկ Եմենի մասին հայտարարությունները պարզապես վարչակազմի քաղաքականության հերթական բացթողումն են: Այս մասին National Interest-ում գրում է միջազգային վերլուծաբան Կուրտ Միլսը:
ԱՄն պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը երեքշաբթի հայտարարել է. «30 օրից ակնկալում ենք, որ բոլորը կնստեն զինադադարի վրա հիմնված խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ»: ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում նա ասել է, որ պետք է դադարեցնել ռմբակոծությունը, որպեսզի հատուկ դեսպան Մարտին Գրիֆիթսին հաջողվի Շվեդիայում կողմերի հետ հանդիպել և վերջ դնել պատերազմին:
Նրա հետ համակարծիք է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա կողմերին կոչ է արել ՄԱԿ-ի հատուկ դեսպան Մարտին Գրիֆիթսին աջակցել Եմենի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում: «Ժամանակն է վերջ տալու այս հակամարտությանը»,- ասել է Պոմպեոն:
ԱՄՆ վարչակազմն էլ հերքել է, թե սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությամբ իր ձեռքերը կապված են: Պաշտպանության քարտուղար Մաթիսը երեքշաբթի Վաշիգթոնում Բուշի վարչակազմի` ազգային անվտանգոթյան նախկին խորհրդական Սթիվեն Հեդլիին ասել է, որ «Խաշոգջիի սպանությունը չարժի խառնել Եմենի հարցին»:
Միլսի կարծիքով` պատերազմի կողմնակիցները փորձում են պաշտպանվել Մաթիսի և Պոմպեոյի հայտարարությունների հնարավոր հետևանքներից. Էր Ռիադի` Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի կողմնակից ուժերը հուսով են, որ լարվածությունը շուտով կհանդարտվի:
Այնուամենայնիվ, Վաշինգթոնի և Էր-Ռիադի միջև ռազմավարական դաշինքը, ըստ հեղինակի, վերականգնվում է, իսկ Եմենի մասին հայտարարությունները պարզապես վարչակազմի քաղաքականության հերթական բացթողումն են:




























