Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 1 տարում կրճատվել է 10,4 հազարով կամ 0,3 տոկոսով։ Նկատենք, որ այդ գործընթացը տեղի է ունենում բնակչության թվի բնական աճի պայմաններում։ Այստեղից էլ արտագաղթյալների թիվն ավելի մեծ է, քան հետեւում է վերոնշյալ անկումից։
Մշտական բնակչության թվի կրճատման բացարձակ մեծությամբ «առաջատարը» Լոռու եւ Շիրակի մարզերն են, անկումը համապատասխանաբար՝ 1,8 եւ 1,7 հազար մարդ։ Այսինքն, այս իմաստով առանձնանում են առավելապես քաղաքային բնակչություն ունեցող մարզերը։ Այսպես, բազային ամսաթվով, այս մարզերի մշտական բնակչության ընդհանուր թվում քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար՝ 59,1 եւ 58,5 տոկոս։ Համեմատության համար՝ մարզերում (այսինքն՝ առանց «միլիոնանոց» մայրաքաղաքի) այդ ցուցանիշն ակնհայտորեն քիչ է եղել՝ 43,2 տոկոս։
Ներքոհիշյալ գրաֆիկում բերվում է մշտական բնակչության բացարձակ աճը (նվազումը)՝ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա նույն ամսաթիվը։ Նկատենք, որ մայրաքաղաքի ցուցանիշի 2,8 հազարով աճն ապահովվել է բնական ավելացումով (նշված ժամանակամիջոցում կազմել է ավելի քան 5,7 հազար մարդ)։ Ստացվում է, որ առանց բնական ավելացման հաշվարկի, Երեւանի մշտական բնակչությունը նվազել է 2,9 հազարով։
Հայաստանի բնակչության արտագաղթի հիմնական պատճառները հանրահայտ են՝ աղքատություն եւ գործազրկություն։ Սրանց ավելացվում է արտասահմանում, քան հայրենիքում, ավելի բարձր եկամուտներ ստանալու բարձր որակավորում ունեցող մասնագետների հնարավորությունը։ Սակայն նրանք համեմատաբար քիչ են։
Ներկայացնենք տասնամյա վաղեմության ուսումնասիրության տվյալներ, որոնք այժմ էլ արդիական են։ Այսպես, բարձրագույն կրթությամբ աշխատանքային արտագաղթողների թիվն ընդամենը 15,4 տոկոս էր կազմում։ Եւ դեռ պարզ չէ՝ նրանք մասնագիտությամբ էին աշխատում, թե ֆիզիկական աշխատանք էին կատարում։ Այսպիսով, Հայաստանից «գաստարբայտերների» ճնշող մեծամասնությունն արտասահմանում կարող էր միայն ոչ մասնագիտական (ասենք, առեւտրի եւ սպասարկման ոլորտում, կամ շինարարության վրա) աշխատանքի հույս ունենալ։ Այսպիսի աշխատողներին լայն հնարավորություններ է ընձեռում Ռուսաստանը։ Ընդ որում, շուտով այդ հնարավորություններն ավելի հասանելի կդառնան աշխատանքային միգրանտների համար։
Տառացիորեն երկու ամիս հետո Ռուսաստանում կիրականացվի «միգրացիոն քաղաքականության, նոր հայեցակարգ»։ Դրա նպատակը «արտասահմանից հայրենակիցների համար ներգաղթի եւ մշտական բնակության առավել հարմարավետ պայմանների ձեւավորումն է, ինչպես նաեւ՝ ներգաղթի, ապրելու եւ աշխատելու, ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունքի հստակ կանոնների ստեղծումը»։
Դրանով իսկ նախատեսվում է գրավել միլիոնավոր ներգաղթյալների, «առաջին հերթին՝ ռուս եւ ռուսախոս»։ Վերջին պայմանը նշանակում է Ռուսաստան այն ազգությամբ ոչ ռուս անձանց տեղափոխման (ժամանակավոր կամ մշտական) հնարավորության իրական պայմանների ստեղծում, որոնք ուզում են աշխատանք գտնել այս երկրում, եւ նույնիսկ՝ քաղաքացիություն ստանալ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել ավելի քան 25 հազար մեր արդեն նախկին քաղաքացիները։

Սմբատ Գրիգորյան


























