Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աշխատակիցները նոյեմբերի 3–ին վերջապես հանդիպել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանի հետ։

NEWS.am–ի հետ զրույցում գործարանի աշխատողներից Արմենը հայտնեց, որ Կառավարության ներկայացուցիչները խոստացել են, որ հարցը մոտ ապագայում լուծում կստանա։

«Մեզ ասել են, որ բանակցությունները շարունակվում են, ու հույս ունեն, որ հարցը դրական լուծում կստանա։ Կառավարությունից մեզ ասացին, որ ամեն ինչ կանեն, որ գործարանը ժամանակավորապես վերագործարկվի, մինչեւ վերջնական լուծում տրվի հարցին։ Այժմ նաեւ չինական մի ընկերություն կա, որը ցանկանում է նոր պղնձաձուլարան կառուցել Ալավերդիում, դրա շուրջ էլ բանակցությունները շարունակվում են»,– ասաց Արմենը։

Արմենը նշեց, որ Կառավարության ներկայացուցիչները չեն հստակեցրել նաեւ, թե այս միջանկյալ լուծումն ինչքան ժամանակով է. «Չգիտենք՝ այդ ժամանակավորը 1 տարի է, թե 6 ամիս»։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարանը վաղ թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի։

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով: