«Մուլտի Գրուպ կոնցեռն» ընկերությունը կրկին սկսել է ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնել Աբովյան 5 հասցեում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Եթե հիշում եք այն կասեցրեցինք դեռեւս հուլիսին։ Հիմա որոշել են օգտվել քաղաքապետարանում խառը իրավիճակից եւ վերսկսել։ Այս պահին Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները եւ ոստիկանությունը գտնվում է նշված հասցեում։ Հուսով եմ, որ կկասեցնեն նորից։
Երբ կազմվում էր կասեցման արձանագրությունը, ես ընկերության ներկայացուցիչներին՝ մասնավորապես ընկերության տնօրենին ասացի, որ դուք զոռբայությամբ եք զբաղվում, երբ նրանք փորձում էին չխոստովանել իրենց ապօրինի գործողությունները։
Հիմա ի՞նչ անուն տանք ձեր արածին, պարոնայք»:
Նշենք, որ «Մուլտի Գրուպ կոնցեռնը» պատկանում է Գագիկ Ծառուկյանին, Աբովյան 5 հասցեում ԲՀԿ առաջնորդը հյուրանոց էր կառուցում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի փոխանցմամբ, Երեւանի Աբովյան 5-ում կասեցվել է ապօրինի շինարարությունը։
Նա նշել էր. «Աբովյան 5-ում կասեցվեց ապօրինի շինարարությունը: Կարիք եղավ ներգրավել նաև ոստիկանական ուժեր: Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում: Երևանում ապօրինություններ չեն լինելու»:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ այս հասցեում է կառուցվում «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը։ Հյուրանոցի շինարարությունն իրականացնում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել էր, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռնը» նշված հասցեում ապօրինի շինարարություն չի իրականացնում:
Նա նշել էր, որ հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռնը» նշված հասցեում շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն պատասխան չի ստացել։
Պատգամավորը, վկայակոչելով «Վարչարարության հիմքունների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածը, նշել էր, որ եթե գրությանը սահմանված ժամկետով պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել։



























