Ֆրանսիական անդրծովյան տիրություն Նոր Կալեդոնիայում անցկացված հանրաքվեին ընտրողների զգալի մեծամասնությունը, ինչպես եւ սպասվում էր, դեմ է քվեարկել Ֆրանսիայից անկախանալուն, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ֆրանսիայից անկախանալուն դեմ է քվեարկել նախնական արդյուքներով հանրաքվեին մասնակցածների 59,58 տոկոսը:

Ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է եղել. քվեարկությանը մասնակցել է ընտրողների գրեթե 81 տոկոսը, հայտնում է Նոր Կալեդոնիայի հեռուստատեսությունը:

Խաղաղ օվիկանոսում գտնվող Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային կազմավորման կարգավիճակ ունի: Այս տարածքի բնակչության թիվը մոտ 270 հազար է:

Նոր Կալեդոնաին Ֆրանսիային է պատկանում 1853 թվականից եւ մինչեւ հիմա Փարիզի համար կարեւոր աշխարհառազմավարական նշանակություն ունի: Դրանից բացի, Նոր Կալեդոնիայում է գտնվում նիկելի համաշխարհային պաշարների քառորդ մասը, որը էլեկտրոնիկայի արտադրության կարեւոր հումք է: