Վաշինգթոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 տարեկան նվազեցնելու հնարավորությունը: Մայրքաղաքային իրավաբանական կոմիտեն այս որոշմանն արդեն հավանություն է տվել, հայտնում է ABC հեռուստաալիքը: Նոյեմբերի 13-ին ընտրություններին մասնակցության տարիքային շեմի նվազեցման հարցը կդրվի Կոլումբիա շրջանի խորհրդի քվեարկությանը:
Եթե խորհրդի անդամների մեծամասնությունը ընտրությունների մասին օրենքին կողմ քվեարկի, ապա լրացումը կուղարկվի քաղաքապետին քննարկելու եւ ստորագրելու համար: Այն ընդունելու դեպքում ուժի մեջ կմտնի միայն 30 օր հետո, ինչպես նախատեսում է տեղական օրենսդրությունը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խորհրդի 13 անդամներից ութն արդեն իրենց աջակցությունն են հայտնել երիտասարդ ամերիկացիներին, որոնք ցանկանում են ընտրություններին մասնակցել: Եթե լրացումներն ընդունվեն, ապա Վաշինգթոնը կդառնա ԱՄՆ առաջին խոշոր քաղաքը, որտեղ 16-ամյա դեռահասները ձայնի իրավունք կունենան:
Լրացումները կտարածվեն 10,4 հազար պատանի ամերիկացիների վրա, որոնք կկարողանան քվեարկել 2020 թվականի նոր նախագահական ընտրություններում. այդ պահին նրանք կլինեն 16 եւ 17 տարեկան: Ուշագրավ է, որ այս դեռահասների 80 տոկոսից ավելին սպիտակամորթ ամերիկացիներ չեն:



























