Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալ Արթուր Զաքարյանը լուրջ առողջական խնդիրներ ունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Զաքարյանի պաշտպան Վաչագան Քոսյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը հոկտեմբերի 10–ին լրացուցիչ հետազոտության է ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում, արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա է նորագոյացություն եւ վիրահատության միջամտության կարքի կա։ Փաստաբանը դատարանին միջնորդեց փոխել Զաքարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։
Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է։
«Զաքարյանը երկու տարուց ավելի է կալանքի տակ է եւ որեւէ տվյալ չկա, որ նա կխոչընդոտի քննությանը, քանի որ նրա դեմ, բացի տուժող Էմմա Աբրահամյանից, այլ ցուցմունքներ չկան, իսկ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը դատարանում արդեն ավարտվել է»,–ասաց նա։
Պաշտպանը նշեց, որ եթե բավարարվի գրավի միջնորդությունը, հնարավոր է որպես գրավ դիտարկել Զաքարյանի հարազատներին պատկանող անշարժ գույքը։
Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը միջնորդեց դատարանին ամբաստանյալի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն ՝ պարզելու, թե ի՞նչ հիվանդությամբ է նա տառապում եւ հիվանդության առկայության պարագայում հնարավո՞ր է նրա բուժումը կազմակերպել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Գործով տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն էլ նշեց, որ 20 տարի առաջ բժիշկներն իր մոտ էլ նման գոյացություն են հայտնաբերել եւ խորհուրդ են տվել ձեռք չտալ դրան։
Դատարանը դատախազի միջնորդության քննությունը հետաձգեց, միեւնույն ժամանակ որոշում կայացրեց գրություն ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ պարզելու, թե հնարավո՞ր է արդյոք կալանավորի բուժումը կազմակերպել ՔԿՀ–ում։
Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ, որոնցից մեկը՝ Արարատ Նիկողոսյանը մահացել է այս տարվա օգոստոսի 23–ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի հետ խուլիգանական դրդումներով, միասնական դիտավորությամբ խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն մարմնական վնասվածքներ են հասցրել Եղիշե Խաչատրյանին եւ նրան դիտավորությամբ զրկել են կյանքից:



























