Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիությունը պետք է պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Այս մասին նախագահն ասել է երեքշաբթի Europe1 ռադիոկայանի եթերում:

«Երբ ես նայում եմ այսօրվա Եվրոպային, ես տեսնում եմ, որ այն ավելի անջատ-անջատ  է դառնում: Նայեք այն աշխարհին, որտեղ մենք ապրում ենք, եւ կտեսնեք ավտորիտար տերություններ, որոնք ավելի ակտիվ են գործում եւ վերազինվում են՝ լինելով Եվրոպայի սահմանամերձ շրջաններում: Մեզ վրա հարձակվում են կիբերտարածքում եւ միջամտում մեր ժողովրդավարական կյանքին: Մենք պետք է պաշտպանվենք Չինաստանից, Ռուսաստանից եւ նույնիսկ ԱՄՆ-ից», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոոնը նաեւ նշել է, որ Եվրոպան պետք է սեփական միավորված զինված ուժերը ստեղծի:

«Մենք չենք կարողանա պաշտպանել եվրոպացիներին, եթե համաեվրոպական բանակ ստեղծելու մասին որոշում չընդունենք: Դա անհրաժեշտ է Ռուսաստանին ցույց տալու համար, որը գտնվում է մեր սահմանների մոտ եւ կարող է սպառնալից գործել», - ասել է նախագահը: «Մենք պետք է ունենանք Եվրոպա, որը կարող է ինքնուրույն պաշտպանվել, կախված չէ Միացյալ Նահանգներից, ավելի ինքնիշխան կերպով է գործում», - հաղորդում է ՏԱՍՍ- ը: