Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ կհաղորդեն Սփյուռքի եւ սփյուռքահայ քաղաքական կառույցների հետ հարաբերություններին:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները եւ ընդգծել, որ ՍԴՀԿ-ն անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական, իրավական պետության կառուցման, տնտեսության զարգացման եւ բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման հարցին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Հայաստանի զարգացման օրակարգում սփյուռքահայության մեծ ներուժի ներգրավման գործուն մեխանիզմների ձեւավորումը: ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները նշել են, որ պատրաստ են ակտիվ համագործակցել ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ: