Մինչեւ այս տարեվերջ պատրաստ կլինի Հայաստան-Իրան բարձր լարման էլեկտրահաղորդման նոր գծի 80 տոկոսը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Այդ ծրագրի շրջանակներում ամբողջովին կվերակառուցվի Հրազդան-Շինուհայր 220 վոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման գիծը, որն ըստ նախարարի՝ մեր էներգահամակարգի արյունատար անոթներից է։ Այդ նպատակով կներգրավվեն նաեւ Համաշխարհային բանկի միջոցները։
Ա. Մովսիսյանը տեղեկացրեց նաեւ, որ Իրանի հետ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շնորհիվ 2010 թ. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 15 տոկոսով ավելացել է։ Էլեկտրաէներգիայի ներքին սպառումն ավելացել է մոտ 3 տոկոսով։
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը կշարունակվի նաեւ 2011 թ: Հիշեցնենք, որ այդ ծրագրով Հայաստանը Իրանից ստացած յուրաքանչյուր 3 խմ գազի դիմաց վերադարձնում է 1 կվտԺ էլեկտրաէներգիա։




























