Հայաստանը սերտորեն համագործակցում է եվրոպական կողմի հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Այս մասին խոշտանգումների կանխարգելման համաժողովում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար, նախկինում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նշելով նաեւ օմբուդսմենի ինստիտուտի հետ սերտ համագործակցության մասին, Զեյնալյանը հավաստիացրեց, որ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների ու ստորացուցիչ վերաբերմունքի կանխարգելումն առաջնահերթություն է:

Զեյնալյանի խոսքով, քայլեր են ձեռնարկվում ոլորտի բարեփոխման եւ միջազգային ստանդարտների համապատասխանեցման համար:

ԵԽ-ի հետ համատեղ ծրագիր է իրականացվում, որի շրջանակներում շեշտը դրվում է քրեակատարողական հիմնարկներում նվաստացուցիչ վերաբերմունքի վերացման վրա, բժշկական ծառայություններ մատուցելու համար  կենտրոններ են ստեղծվում: Նախատեսվում է ստեղծել համապատասխան փաստաթղթեր եւ մասնագետների վերապատրաստում նման հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման համար: