Վաղաժամ են այն ենթադրությունները, որ համաշխարհային ճգնաժամը կանգ է առել: Երեւանում Լազարյան ակումբի առաջին նիստում նման կարծիք հայտնեց Հրթիռային զորքերի եւ հրետանու ռուսական ակադեմիայի նախագահի տեղակալ Կոնստանտին Սիվկովը:
Նրա խոսքով, ճգնաժամը շարունակվում է, ընթանում է տատանողական գործընթացը: Գործող աշխարհակարգի պայմաններում տարաձայնությունները անհնար է լուծել, հատկապես երբ խոսքը ռեսուրսների սպառման մասին է: Նոր աշխարհակարգի ստեղծման խնդիր է առաջանում: Այժմ իրականացվում է ԱՄՆ-ի գերիշխանության տարբերակը: Ընդ որում, Արեւմուտքի ռազմական եւ տնտեսական գերիշխանությունն ավարտվել է, իսկ Չինաստանը ՀՆԱ-ի մակարդակով հավասարվել է ԱՄՆ-ին:
Քրեական կառույցների, օրինակ՝ ԻՊ-ի սպառնալիքն աճում է: Քաոսում հայտնվելուց աշխարհին պահում է միջուկային ներուժի առկայությունը:
Փորձագետը նշեց, որ աշխարհաքաղաքականության մեջ ԱՄՆ-ի առաջնահերթությունները որոշ չափով փոխվել են՝ տեղափոխվելով Մերձավոր Արեւելքի տարածաշրջան, վերջնական նպատակ ունենալով խեղդել Չինաստանի տնտեսությունը: Այս իմաստով աճում է հիբրիդային պատերազմների սպառնալիքը:
Այս համատեքստում փորձագետը նշեց, որ ՌԴ-ն եւ Հայաստանը ընդգրկված են անկայունության աղեղի մեջ:
«Ռուս-հայկական հարաբերություններն այս ֆոնին կարեւոր նշանակություն ունեն, քանի որ տարածաշրջանի համար պայքարը դառնում է ավելի սուր», - ասաց Սիվկովը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, գերտերությունների միջեւ հակամարտությունները կարող են երրորդ երկրների տարածքում ընթանալ:





























