Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե պարզապես կարեւոր ռազմավարական նշանակություն ունի, այլ կենսականորեն կարեւոր նշանակություն ՌԴ հարավային սահմանների պաշտպանության համար: Այս մասին Երեւանում ընթացող Լազարյան ակումբի նիստին ասաց ՌԳԱ ԱՄՆ եւ Կանադայի ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Բոբկինը:
Նրա խոսքով՝ Անդրկովկասի երեք նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը մնացել է միակ հավատարիմ, հուսալի եւ ամենագլխավորը՝ հեռանկարային դաշնակիցը: Բնականաբար, սա ԱՄՆ-ին ձեռնտու չէ:
Նա այնուհետեւ շարունակեց՝ ասելով, որ ԱՄՆ-ում, սակայն, արձանագրում են, որ Հարավային Կովկասի իրադարձությունները իրենց շահերին անմիջականորեն չեն առնչվում: Դրանից ելնելով՝ Վաշինգթոնում հաճախ է արտահայտվում այն միտքը, որ առաջիկա հեռանկարում տարածաշրջանը հազիվ թե ուշադրության կենտրոնում լինի, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն չի կարողացել տարածաշրջանում ՌԴ գերակայող դիրքը եւ այստեղ ամերիկյան միջամտությանը Մոսկվայի հակազդեցությունը փոխել: «ԱՄՆ-ն Հարավայի Կովկասի նկատմամբ հստակ քաղաքականություն չունի: Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի հետ ԱՄՆ հարաբերությունները մնում են Մոսկվայի եւ Անկարայի հետ հարաբերությունների ազդեցության տակ: Եվ ընդհանրապես կապված են Մերձավոր Արեւելքի իրադարձությունների հետ»,- նշեց փորձագետը:
Խոսելով Վրաստանի մասին՝ նա նշեց, որ նա ՆԱՏՕ-ին անդամկցությունից նույնքան հեռու է, ինչպես նախկինում:





























