Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը եւս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ:
Հայաստանի ՄԻ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել որպես իրավունքի լիիրավ սուբյեկտներ եւ չի կարեւորվել նրանց անկախ ապրելու իրավունքը: Ուստի, չափազանց կարեւոր է բժշկական մոդելից սոցիալական կամ, ինչպես նաեւ այն անվանվում է, մարդու իրավունքների մոդելի անցումը, որի շնորհիվ կկոտրվեն առկա կարծրատիպերը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։
Պաշտպանն իր տարեկան զեկույցներում, ինչպես նաեւ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
Այսօր դեռեւս առկա են պետական կառույցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Պետությունը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ եւ պայմաններ, որպեսզի վերջիններս որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ ինքնուրույն իրացնեն իրենց իրավունքները։
Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին։
Չափազանց կարեւոր է նաեւ տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ այն նպաստում է ինքնուրույն որոշումների կայացմանը, իրավունքների եւ հնարավորությունների մասին իրազեկմանը եւ հասարակությունում լիարժեք ինտեգրմանը։
Հատուկ ուշադրության է արժանի հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրները։ Այսօր երեխաների համար դեռեւս հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ոլորտում առկա խնդիրներին հիմնարար լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է համատեղ եւ սրտացավ աշխատանք:





























