Հունվարի 1-ից Իսրայելում էլեկտրահեծանիվների եւ էլեկտրամոտոցիկլետների տերերին արգելված է ճանապարհներով երթեւեկել, եթե վարորդական վկայական չունեն եւ չեն հանձնել վարման տեսական քննությունը:
Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ էլեկտրահեծանվորդների համար պարտադիր վարման տեսական քննության խնդիրն է վաղ տարիքում գիտելիքներ տրամադրելը եւ ճանապարհային երթեւեկության կանոնների իմացությունը: Սա հիմնականում արդիական է աշակերտների համար, որոնք բավականին ակտիվ են սկսել օգտվել էլեկտրահեծանիվներից, հայտնում է Ynet պարբերականը:
Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը հաստատել էր հեծանվորդների անվտանգությանն ուղղված ծրագիրը, ներառյալ ճանապարհային երթեւեկության կանոններին հետեւելը եւ խախտողների պատիժների խստացումը: Տարեսկզբից Իսրայելի ճանապարհներին զոհվել է 17 էլեկտրահեծանվորդ, մինչդեռ 2017 թվականին 7 մարդ էր զոհվել, պարբերականը վկայակոչել է տրանսպորտի նախարարության տվյալները:



























