Բուենոս Այրեսում տեղի ունեցած G20 գագաթնաժողովում մնացյալ պատվիրակներին ուղղված ԱՄՆ եւ Չինաստանի պահանջների պատճառով ստիպված էին հրաժարվել «տաբու բառերից», որոնք նախկինում մշտապես օգտագործվել են «Մեծ քսանյակի» եւ «Մեծ յոթնյակի» ամփոփիչ կոմյունիկեներում, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
«Մի շարք բառեր, որոնք մենք մշտապես օգտագործել ենք G7 եւ G20 գագաթնաժողովների կոմյունիկեներում, յուրատեսակ տաբու են դարձել: Սա ամերիկյան եւ չինական տաբու է»,- ասել է մի եվրոպացի պաշտոնյա:
Տաբու բառերից առաջինը «հովանավորչությունն» է, որին հավանություն չեն տվել ամերիկացի պատվիրակները: ԱՄՆ վարչակազմը սուր է արձագանքել քննադատությանը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրք է սահմանել ոչ միայն 250 մլրդ դոլարի չինական ապրանքների, այլեւ բոլոր եվրոպացի գործընկերների կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար, նշված է նյութում: Այս ջանքերի արդյունքում առաջին անգամ 2008 թվականից սկսած, երբ անցկացվել է «քսանյակի» առաջին գագաթնաժողովը, ամփոփիչ կոմյունիկեն չի պարունակել հովահավորչության դեմ պայքարի պարտավորությունների մասին կետը:
«Շատ այլ երկրների կողմից փորձ է եղել Միացյալ Նահանգներին ստիպել բազմակողմանի առեւտրային համակարգի վերաբերյալ որոշակի պարտավորություններ ստանձնել»,- ասել է մի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա:
Չինաստանն իր հերթին վճռականորեն հանդես է եկել ընդդեմ «արդարացի առեւտրային պրակտիկայի» կոչերի ներառման դեմ, գործակալությանը հայտնել են G20-ի պատվիրակները:





























