Փարիզում դեկտեմբերի 1-ին «դեղին բաճկոններ» շարժման անցկացրած բողոքի ցույցերի պատճառած վնասը, նախնական գնահատականներով, կազմել է 3 մլն եվրոյից ավելի: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետարանի տվյալները:

«Վնասի գումարը ներկա պահին կազմել է 3-ից մինչեւ 4 մլն եվրո»,- ասել է Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Երկուշաբթի Ազգային հուշարձանների կենտրոնի նախագահը հայտնել էր, որ շաբաթօրյա ցույցերի հետեւանքով Հաղթական կամարին պատճառված վնասը հարյուր հազարավոր եվրո է կազմում: Նա Twitter-յան իր էջում վնասված հուշարձանի լուսանկարներ էր հրապարակել:

Դեկտեմբերի 1-ին փարիզյան անկարգությունների մասնակիցները այս պատմական հուշարձանի հաստատություններում մի քանի  արձաններ էին կոտրել, ինչպես նաեւ ավերել էին կամարի մեջ գտնվող թանգարանը: Դրսից նրանք հուշարձանի պատերին բազմաթիվ գրառումներ էին կատարել ներկի բալոններով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի կեսերից բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ բենզինի գների բարձրացման: Ցույցերի մասնակիցները հագել են դեղին, լույսն անդրադարձնող բաճկոններ, ինչի պատճառով շարժումը ստացել է «դեղին բաճկոններ» անվանումը: Անցած շաբաթ Փարիզում կրկին ցույցեր են անցկացվել, որոնք վերափոխվել են անկարգությունների: Գրանցվել են նաեւ կողոպուտի ու վանդալիզմի բազմաթիվ դեպքեր: