Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դատարան են դիմել՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսից (իսկական անունն է Սթեֆանի Քլիֆորդ) դատական ու իրավաբանական ծախսերի դիմաց մոտ 800 հազար դոլարի փոխհատուցման հասնելու մտադրությամբ, որը նախկինում Թրամփի դեմ զրպարտության մասին հայց էր ներկայացրել, հայտնում է Fox News-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի փաստաբան Չարլզ Հարդերը հայտարարել է, որ իր ֆիրման ավելի քան 500 ժամ է տրամադրել Դենիելսի հետ գործում Թրամփի պաշտպանության համար, իսկ դատական ծախսերը կազմել են 390 հազար դոլար: Ուստի փաստաբանը դատարանից պահանջում է Դենիելսի կողմից վճարվելիք ժամերին եւ դատական ծախսերին համարժեք գումար նշանակել:

«Համանման գործողությունները ամերիկյան արդարադատության պատմության մեջ փաստացի աննախադեպ են: Քլիֆորդը ոչ միայն չհիմնավորված մեղադրանքներ էր առաջադրել եւ Միացյալ Նահանգների գործող նախագահի դեմ արատավորող տեղեկություններ տարածել, այլեւ իր փաստաբանի հետ միասին զանգվածային գովազդային արշավ է վարում»,- նշված է Հարդերի միջնորդության մեջ:

Հեռուստաալիքը հայտնում է, որ դատավոր Ջեյմ Օտերոն դեռեւս այս միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացրել:

Պոռնոաստղի փաստաբան Մայքլ Ավենատին Թրամփի փաստաբանների պահանջներն անվանել է «անհեթեթ եւ վրդովեցնող»: