Մեքսիկայում հանցագործների հարձակման հետեւանքով վեց ոստիկան է սպանվել, երկուշաբթի հայտնել է Խալիսկո նահանգի գլխավոր դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հաղորդվում է այս երեկո Լա Ուերթա համայնքում տեղի ունեցած անսպասելի հարձակման հետեւանքով ոստիկանության վեց աշխատակիցների սպանության եւ մեկի վիրավորման մասին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դատախազության տեղեկություններով՝ հարձակման շրջանում որոնողական գործողություն է անցկացվում:

Այս նահանգի տարածքում է գործում մեքսիկական թմրակարտելներից ամենահզորներից մեկը՝ «Խալիսկո-Նոր սերունդ»-ը: 2015 թվականին կարտելի անդամները հարձակվել էին ռազմական ուղղաթիռի վրա, որի հետեւանքով զոհվել էր 8 մարդ, իսկ այնուհետեւ մայրուղիներից մեկում ոստիկանական պարեկախմբի վրա՝ սպանվել էր 15 ոստիկան եւ վիրավորվել 5-ը: Այս կորուստը վերջին տարիներին մեքսիկական ոստիկանության համար ամենամեծ կորուստներից մեկն էր: