Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի եւ իմ օգնականի միջեւ, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որեւէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի, «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրական տարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի եւ Տիգրան Պարսիլյանի միջեւ վիճաբանություն է եղել:

«Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի եւ իմ օգնականի միջեւ, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որեւէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ:

Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով եւ առողջ մթնոլորտում: Իմ թիմում շարունակում է տիրել սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը:

Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում: Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,-հավելել է Գարիկ Սարգսյանը:

Նշենք, որ ոստիկանությունում այդ միջադեպի առնչությամբ նյութեր են պատրաստվում:

Արարատի մարզպետի վարորդը մարզպետի ներկայությամբ «Իմ քայլի» շտաբում հարվածներ է հասցրել 39-ամյա քաղաքացուն