Իսրայելում հայտարարվել է կանանց համընդհանուր գործադուլ՝ կանանց հանդեպ բռնության դեմ՝ հայտնում է vesty.co.il թերթը։
Իսրայելում ընտանեկան բռնության հետեւանքով կանանց սպանությունների հաճախակիացումը հազարավոր մարդկանց ստիպել է դուրս գալ բողոքի ցույցի։ Տասնյակ քաղաքների քաղաքապետարաններ եւ մոտ 300 կազմակերպություններ, ձեռնարկություններ եւ ընկերություններ սատարել են գործադուլը, որը կրում է «Ցասման օր» անվանումը։
Գործադուլի նախաձեռնողները կառավարությունից պահանջում են 250 մլն շեկել (70 մլն դոլար) տրամադրել՝ իրականացնելու համար ծրագիրը, որն ուղղված է այն հանցագործությունների կանխմանը, որոնց զոհն են դառնում կանայք։ Այս ծրագիրը հաստատվել էր մոտ մեկուկես տարի առաջ, սակայն մինչ այժմ չի իրականացվում՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։
Տեղեկացվում է, որ այս պահի դրությամբ ցուցարարները կանգնեցրել են Թել Ավիվի եւ Երուսաղեմի երթեւեկությունը։ Մի քանի տասնյակ մարդիկ փակել են դեպի Երուսաղեմ տանող ճանապարհը։ Քաղաքներում մեծ խցանումներ են առաջացել։




























