Ֆոնդային բորսայի մասին առաջին գիրքը, որը կոչվում է Confusion of Confusions եւ գրվել է 1688 թվականին իսպաներենով, կվաճառվի Sotheby's առցանց աճուրդում, հայտնում է Bloomberg-ը: Փորձագետների գնահատմամբ՝ այն կարող է վաճառվել 200-300 հազար դոլարով: Մեկնարկային գինն է 190 հազար դոլար:
Գիրքը գրել է կոմերսանտ, բանաստեղծ եւ մեկենաս Ջոզեֆ դե լա Վեգան (1650-1692) որպես Ամստերդամի ֆոնդային բորսայում աշխատանքի ձեռնարկ: Իսպանիայից Նիդեռլանդներ տեղափոխված հեղինակը պատմել է բորսային հիմնական մեխանիզմների մասին, ինչպես նաեւ մի շարք խորհուրդներ է տվել սակարկությունների մասնակիցներին: Վեգան փորձել է ցրել բորսային առեւտրին վերաբերող որոշակի կասկածները:
Աճուրդի տան տեղեկություններով՝ աշխարհում մնացել է այս գրքի 10 օրինակից ոչ ավելի: Դրանցից մեկը վերջին անգամ Լոնդոնի Sotheby's աճուրդում վաճառել են 30 տարի առաջ 16,5 հազար ֆունտ սթերլինգով, որն այդ ժամանակ համարժեք էր 29 հազար դոլարին:
Երկար ժամանակ գիրքը փաստացի ոչ մեկին հայտնի չէր: Միայն XIX դարի վերջին են Գերմանիայից եւ Նիդեռլանդներից մի շարք տնտեսագետներ այս հրատարակության վրա ուշադրություն դարձրել: Confusion of Confusions-ը անգլերեն է թարգմանվել միայն 1959 թվականին:




























