Իտալական ոստիկանությունը Պալերմոյում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի 45 անդամների, որոնց թվում՝ նրա ենթադրյալ ղեկավար, 80-ամյա ոսկերիչ Սետիմո Մինեոյին՝ տեղեկացնում է BBC-ն։
Իտալական ԶԼՄ-ները նրան անվանում են «Կոզա նոստրա»-ի նախկին ղեկավար, 2017թ․ բանտում մահացած Սալվադորե Ռիինայի հետնորդը։ Նշվում է, որ մայիսին Մինեոն «Կոզա նոստրա»-ի առաջնորդների հանդիպման ժամանակ ընտրվել է «կնքահայր»։
Ձերբակալվածները մեղադրվում են շորթումների, անօրինական զենք կրելու, հրդեհելու եւ այլ հանցագործությունների մեջ։
Սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիան կարողացել է երկար տարիների ընդմիջումից հետո վերականգնել իր ազդեցությունը։ Այս հանցավոր խմբի ղեկավարների առաջին հանդիպումը կայացել է 1993թ․։
Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին Twitter-ում գրել է, որ կարաբիներների այս անթերի գործողությունը ոչնչացրեց «Կոզա նոստրա»-ի նոր «գմբեթը»։
Կարաբիներները Իտալիայի չորս զինված ուժերից մեկն են, որոնք ոստիկանական գործառույթ են իրականացնում երկրի տարածքում։




























