Ալբերտ Էյնշթեյնի նամակը Christie’s աճուրդում վաճառվել է 2,892,500 դոլարով: Նամակը, որ 1,5 էջից մի փոքր է ավելի, գրվել է գիտնականի մահից մեկ տարի առաջ՝ 1954 թվականին եւ հասցեագրված է Էրիկ Գուտքինդին:
Այն կոչվում է «Նամակ Աստծո մասին», քանի որ ներկայացնում է Էյնշթեյնի վերաբերմունքն Աստծո եւ հուդայականության նկատմամբ: «Աստված բառն ինձ համար ոչ այլ ինչ է, քան մարդկային թուլությունների արտահայտություն եւ արգասիք, Աստվածաշունչը ընթերցվող, բայց, միեւնույն է, պարզունակ լեգենդներ են»,- գրել է Էյնշթեյնը Գուտքինդին: «Ոչ մի մեկնություն, որքան էլ նրբիմաստ լինի, (ինձ համար) այս հարցում որեւէ բան չի փոխում»,- նշել է նա:
Գուտքինդի «Կյանքի ընտրություն. Ըմբոստության աստվածաշնչյան կոչ» գրքում հուդայականությունն ու Իսրայելը բնորոշվում են որպես էթիկապես անձեռնմխելի բաներ:
Էյնշթեյնը նամակում գրում է, որ հպարտանում է իր հրեական ծագմամբ, սակայն հուդայականությունից հիասթափվել է՝ այն անվանելով «պարզամիտ սնահավատություն»:




























