ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երեւան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված1991թ. եւ 1974 թվականներին. 26-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում», իսկ 44-ամյա տղամարդու մոտ՝ «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք»:
Նույն օրը՝ ժամը 22:00-ին, «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնեւմոթորաքս» ախտորոշմամբ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի եւս մեկ բնակիչ՝ ծնված 1983 թվականին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ իրականացրել անհետաձգելի քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ բաղնիքի տնօրենի աշխատասենյակի հատակին, հայտնաբերվել են հրազենային վնասվածքին բնորոշ հետքեր, ինչպես նաեւ՝ արնանման հետքեր հատակին, աշխատասենյակի մուտքի դռան փեղկին, սենյակում առկա բաճկոնին, ավտոտնակի դարպասի հարակից հատվածում եւ բաղնիքին կից ավտոտնակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում: Բացի այդ, բաղնիքի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում՝ աթոռին, հայտնաբերվել է արնանման հեղուկի հետքերով ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 2 փամփուշտներով։
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հատախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, սպիտակ գույնի «Սեդան» տեսակի ավտոմեքենայով բաղնիք են այցելել եղբայրներ` Երեւան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1988 եւ 1983 թվականներին, ինչպես նաեւ եւս մեկ անձ՝ ծնված 1984թ.:
Նախնական տվյալներով՝ վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է այդ պահին բաղնիքի տնօրենի աշխատասենյակում գտնվող 26-ամյա երիտասարդի եւ 44-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։
Այդ ընթացքում, դեռեւս չպարզված հանգամանքներում, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են պատճառվել բաղնիք ներխուժած եղբայրներից մեկին։
Բաղնիքի աշխատակիցներից մեկը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել իր կողմից դեպքի վայրում հայտնաբերված 9մմ տրամաչափի թվով 5 պարկուճ եւ 1 գնդակ, որոնք առգրավվել են։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը եւ միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:




























