Դեկտեմբերի 5-ին Երեւանում՝ ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում, մեկնարկեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը: Վարժանքի պաշտոնական բացման արարողությանը ներկա էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղար Ջեսփեր Հոլմեր Լունդը:

Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր (ընդ որում, այս վարժանքն աննախադեպ է այս չափ բժշկական թիմերի մասնակցությամբ), ՄԱԿ-ի Աղետների աջակցման եւ համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինպես նաեւ ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի եւ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրել են փրկարարական առաքելություն:

Ողջունելով վարժանքի մասնակիցներին՝ Ա. Միրզոյանը մեծապես կարեւորեց այն փաստը, որ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվում եւ անցկացվում է տարածաշրջանային նման վարժանք: Փոխվարչապետը նշեց, որ 1988թ. աղետին արձագանքել է ողջ աշխարհը՝ ցուցաբերելով մարդասիրության բացառիկ դրսեւորում:

«Ավերածության այդպիսի անսպասելի մասշտաբներին արձագանքելու անպատրաստ եւ այդ ժամանակ, թերեւս, անկարող Հայաստանին աջակցության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, անհատներ՝ ցուցաբերելով բժշկական եւ փրկարարական պրոֆեսիոնալ օգնություն, ապահովելով սնունդ, հագուստ եւ դեղորայք, դրամական միջոցներ եւ ապրելու համար անհրաժեշտ այլ պայմաններ: Այս առումով կցանկանայի եւս մեկ անգամ կրկնել, որ հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է Հայաստանին այդ ծանր պահին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար, եւ երբեք չի մոռանա բոլոր նրանց, ովքեր անգամ զոհաբերելով սեփական կյանքը, կանգնեցին մեր կողքին եւ տրամադրեցին անգնահատելի աջակցություն երկրաշարժից անմիջապես հետո եւ հետագայում՝ աղետի գոտու վերականգնման գործընթացում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետը, կարեւորելով ՄԱԿ-ի հովանու տակ անցկացվող փոխգորածակցության այս ձեւաչափը, նշեց նաեւ, որ արտակարգ իրավիճակների կառավարումը համայն մարդկության ընդհանուր խնդիրն է, եւ առաձին պետություններ չեն կարող միայնակ պայքարել դրանց դեմ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Շ. Շարփը եւ INSARAG-ի քարտուղար Ջ. Հ. Լունդը: Վերջինս, մասնավորապես, նշեց, որ մարդկության պատմության ընթացքում երկրաշարժեր մշտապես եղել եւ լինելու են, ուստի՝ նմանատիպ միջոցառումները կարեւորվում են այն առումով, որ նպատակ ունեն նվազեցնել աղետի ռիսկերը եւ բարձրացնել բնակչության պատրաստվածությունը ազգային եւ միջազգային մակարդակներում:

Վարժանքի ժամանակ խաղարկվելու է ՀՀ կառավարության 2011թ. որոշումով հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի սցենարը: Համաձայն սցենարի՝ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երեւան քաղաքում: Այս ընթացքում ստուգվում են թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու հմտությունները՝ որոնողափրկարարական աշխատանքների գծով, թիմի բժշկական եւ նյութատեխնիկական ապահովումը։

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր եւ կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի եւ 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:

2011թ. Հայաստանը հայտ էր ներկայացրել INSARAG-ի արտաքին որակավորում անցնելու համար։ 2015թ. սեպտեմբերին ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական թիմը, Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության եւ Լեհաստանի ՆԳՆ հրշեջ ծառայության մասնագիտական օժանդակությամբ, պատվով հաղթահարեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ եւ պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը եւ ստացավ միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:

Դրանից հետո ստանալով համապատասխան վկայական` հայկական թիմն իրավունք ստացավ մշտական ներկայություն ունենալու միջազգային որոնողափրկարարական աշխատանքներին։ ՄԱԿ-ում նման դասակարգում անցնելը մեծ պատիվ է Հայաստանի համար, քանի որ INSARAG-ի անդամ շատ զարգացած պետությունների փրկարարական թիմեր չունեն այդ չափանիշներին համապատասխան պատրաստվածություն:

Հայաստանի համար շատ կարեւոր է անդամակցել նման հայտնի միջազգային կառույցի, ինչը թույլ կտա ոչ միայն օպերատիվ աջակցություն ստանալ միջազգային փրկարարների կողմից, այլ նաեւ ուղարկել սեփական քաղաքային որոնողափրկարարական թիմն աշխարհի տարբեր երկրներ` երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: