Չինաստանի իրավապահ մարմինները 2015 թվականից կարողացել են երկիր վերադաձնել տնտեսական հանցագործությունների մեջ կասկածվող ավելի քան 4,8 հազար մարդկանց, որոնք արտասահմանում թաքնվում էին արդարադատությունից: Այս մասին ուրբաթ հայտնել է Շանհայի «Պենպայ» պորտալը՝ վկայակոչելով Գողացված ակտիվների եւ թաքնվող անձանց միջազգային հետախուզման գրասենյակի կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական համակարգող խմբին, հաղրդում է ՏԱՍՍ-ը:
2015-ի մարտին Չինաստանում սկսվել էր փախուստի դիմած կոռումպացված անձանց վերադարձի համազգային արշավը՝ «Երկնային ցանցը»: Այս ընթացքում 120 երկրներից հաջողվել է Չինաստան վերադարձնել 4883 կասկածյալների (այդ թվում 995 նախկին պետական ծառայողների), ինչպես նաեւ Ինտերպոլի ցուցակից առավել փնտրվող 54 մարդու: Իրավապահ մարմինների կողմից արշավի ըթնացքում հաջողվել է ապօրինի կերպով արտասահման դուրս բերված 10,3 մլրդ յուան վերադարձնել (մոտ 1,5 մլրդ դոլար):
«Երկնային ցանցը» արշավը, որը երկրի կողմից կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ ձեռնարկվող պայքարի ընդհանուր համալիրի մի մասն է, իրականացվում է Գողացված ակտիվների եւ թաքնվող անձանց միջազգային հետախուզման գրասենյակի կողմից:
Ներկայումս Չինաստանը 71 երկրի հետ արտահանձնման մասին 54 պայմանագիր ունի, ինչպես նաեւ քրեական դատավարության ժամանակ աջակցության մասին 63 համաձայնագիր:





























