Մենք կսպասենք վերջանական արդյունքներին, այնուհետեւ կներայացնենք մեր դիրքորոշումը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ արդյունքների մասին խոսում են, երբ վերջին ընտրատեղամասի տվյալներն ամփոփվեն։
Հարցին՝ չի մտահոգվի, եթե ՀՀԿ–ին չհաջողվի հաղթահարել 5%–ի շեմը՝ Հարությունյանն ասաց. «Ընդհանրապես, ոչ։ Ոչինչ ինձ չի կարող մտահոգել, բայց մտահոգվելու տեղ ունեն մեր հայրենակիցները։ Կհաջողվի, թե չի հաջողվի հաղթահարել շամը պարզ կլինի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Այս պահին, ես շատ ավելի լավատես եմ, որովհետեւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը բավականին սթափ է եւ պետք է հասկանա, որ ընդամենը մեկ կարծիք լսելը խորհրդարանում, իսկ դատելով այս պահին ունեցած տվյալներից, մենք խորհրդարանում չենք կարողանա լսել երկրորդ կարծիք։ Երկրորդ կարծիքը հույժ կարեւոր է միշտ, հատկապես Հայաստանի պարագայում, մի երկրի, որն ունի բազմաթիվ մարտահրավերներ, հատկապես արտաքին։ Եւ հանրությունը պետք է լսի երկրորդ կարծիքը, դա չի նշանակում, որ մեծամասնությունն իր որոշումը չի կայացնելու, բայց որոշումը կայացնելուց միշտ պետք է զգա, որ հանրությունը լսել է երկրորդ կարծիքը»։
Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցության ցածր թվին, որը պայմանավորում են ընտրակաշառքի բացակայությամբ եւ ազնիվ ընտրությունների անցկացմամբ, ապա, ըստ Հարությունյանի, սա բացարձակապես այլ երեւույթի հետեւանք է. «Բանն այն է, որ արտահերթ ընտրությունները, որոնք ես կանվանեի հապճեպ ընտրություններ, անակնկալի բերեցին ոչ միայն քաղաքական ուժերին, այլեւ հանրությանը։ Եւ մասնակցության ցածր տոկոսը պայմանավորված է, առաջին հերթին, հենց դրանով։ Ընտրությունները հապճեպ էին, երկիրը պատրաստ չէր դրան, կուսակցությունները եւ հանրությունը նույնպես պատրաստ չէին։ Այն որ մասնակցության տոկոսը շատ ավելի ցածր է քան ենթադրվում է, դա պետք է մտահոգի բոլորին»։
Քվեարկության օրը, ըստ Հարությունյանի, իր որակով ոչ ավել էր, ոչ պակաս քան 2017 թվականի ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները։ «Եթե պարոն Փաշինյանը համարում է, որ 2017թ. մեր խորհրդարանական ընտրությունները զուգորդվել են ԶԼՄ–ների իրավունքնրի սահմանափակմամբ, ապա արժե գոնե մեկ օրինակ նշի։ Այն ընտրական մեխանիզմը, որը ընդունված է եղել մեզանում 2016թվականին եւ գործում է առ այսօր թույլ է տալիս վերհանել ցանկացած ընտրախախտում, որը տեղի է ունենում ընտրատեղամասում»,– ասաց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է նախընտարական շրջանին, ապա, Հարությունյանի կարծիքով, յուրաքանչյուր նախընտրական շրջան ունեցել է իր թերությունները. «2017թ. նախընտրական շրջանն ունեցել է իր թերությունները, 2018թ.՝ իրենը ,եւ թերեւս կդժվարանամ ասել, թե որն է ավելի ծանր։ 2018թ. մենք սկսեցինք այն աստիճան բեւեռացնել մեր հասարակությանը, ինչը անթույլատրելի է մի երկրի համար, որը գտնվում է այնպիսի անվտանգային վիճակում, ինչպիսին Հայաստանն է»։
Հարցին՝ ի վերջո Հանրապետական կուսակցությունը մտահոգ է, թե լավատես, Հարությունյանն ասաց, որ ՀՀԿ մտահոգ է այն մարտահրավերներով, որոնք առկա են, եւ որոշակի խնդիրների լուծման բացակայությամբ. «ՀՀԿ–ն մտահոգ է որոշակի խնդիրների լուծման այն եղանակով, որոնք կարծես թե երեւակվում են եւ պարզ է դառնում՝ կառավարությունն ինչպիսի ծրագրեր ունի։ Այնպես որ, որոշ դեպքերում մենք մտահոգ ենք, որ չկան ծրագրեր, որոշ դեպքերում մտահոգ ենք, որ կան ծրագրեր, եւ դրանց բովանդակությունը մեզ մտահոգում է»։
Պատասխանելով հարցին, թե անկախ արդյունքներից՝ ՀՀԿ-ն մտադիր է մնալ ընդդիմություն, թե՝ ոչ, Հարությունյանն ասաց. «Կուսակցությունները չպետք է լինեն պատեհապաշտ, նրանք չպետք է հետեւեն ժամանակակից տրենդերին, եթե ունեն իրենց տեսլականը եւ գաղափարախոսությունը։ Այլ բան է, որ կուսակցությունները կարող են ունենալ գաղափարախոսություններ եւ, հատկապես, իշխանական կուսակցությունները կարող են ունենալ թերություններ, դա ոչ դրական, բայց օբյեկտիվ երեւույթ է։ Եթե իշխանական կուսակցությունները չունենային թերություններ, ապա նրանք երբեւէ չէին փոխվի եւ հաջողակ կուսակցությունները կլինեին ընդմիշտ իշխանության մեջ։ Լինելով ընդդիմադիր կուսակցություն, եւ վստահ եմ, որ վերջին ամիսներին Հանրապետականը եղել է ընդդիմադիր կուսակցություն, եւ դրանով ցույց է տվել, որ նա ունի հստակ տեսլական, որը մի կողմից խարսխված է գիտելիքների ու փորձի վրա, մյուս կողմից կողմի՝ այն մտահոգությունների, որոնք հիմա ունենք։ Քանի որ նպատակը ընդդիմութուն դառնալը չէ, այլ ձգտում ներկայացնելու քաղաքական դիրքորոշումը, մտահոգությունները, այլ կարծիք, որպեսզի երկիրը զարգանա։ Անկախ որեւէ արդյունքից, նմանատիպ դիրքորոշումները չեն կարող փոխվել։ Կուսակցությունը կարող է մաքրվել՝ դառնալով ընդդիմադիր, կարող է ձերբազատվել այն բացասականից, որը նա կուտակում էր, լինելով իշխանական կուսակություն»։





























