Այսօրվա իշխանական ներկապնակում արձանագրվեց ազգային եւ ձախ ուղղվածության «գույների» բացակայությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Անկախ քվեարկության արդյունքների վերաբերյալ որեւէ էմոցիոնալ վերաբերմունքից, այս պահին պետք է արձանագրել խորհրդարանական ընտրությունների մի քանի էական հետեւանքներ.

ա/ հասարակությունը վերջնականապես մերժեց հինը եւ վերադարձ նախկին բարքերին այլեւս չի լինելու,

բ/ տեղի ունեցավ իշխանության բյուրեղացում, ինչի ամենակարեւոր բաղադրիչը պատասխանատվության բյուրեղացումն է,

գ/ լեգիտիմության բարձրագույն մակարդակը, որ արձանագրեց իշխանության կուսակցությունը, դա նրան տրված քարտ-բլանշն է ներքին եւ արտաքին քաղաքական բարդագույն խնդիրները լուծելու,

դ/ Հայաստանի այսօրվա իշխանական ներկապնակում արձանագրվեց ազգային եւ ձախ ուղղվածության «գույների» բացակայությունը,

ե/ որակական եւ, հատկապես, քանակական բնութագրիչներից ելնելով խորհրդարանական ապագա ընդդիմությունը անհամեմատ թույլ է մեծամասնության նկատմամբ։

Սա հետընտրական կարեւորագույն արդյունքների զուտ արձանագրումն է։ Դրանց հետեւանքերի վերլուծությունը առանձին քննարկման թեմա է>: